Սոցիալական պատասխանատվություն՝ անհրաժեշտություն, թե՞ ցանկություն
21-րդ դարի թրենդներից մեկը սոցիալական պատասխանատվության մասին խոսելն է։ Սակայն սա նոր գաղափար չէ ու ունի խորը պատմական արմատներ։ Բոլոր ժամանակներում մարդիկ պատասխանատվություն են զգացել հասարակության առաջ, իսկ մարդկանց կողմից միշտ հաճոյախոսության են արժանացել այն մարդիկ, ովքեր հասարակության համար որևէ կերպ բարիք են գործել։ Սակայն, ունենալով սխալ նպատակ (մարդկանց գովազդին արժանանալու), շատ մարդիկ աղավաղել են սոցիալական պատասխանատվության մեթոդոլոգիաները։ Ուստի եկեք սկսենք ամենակարևորից՝ ի՞նչ է սոցիալական պատասխանատվությունը և ի՞նչ նպատակ պետք է այն հետապնդի։
Ի՞նչ է սոցիալական պատասխանատվությունը
Նախ հարկ եմ համարում նշել, որ սոցիալական պատասխանատվությունը վերաբերվում է ինչպես անհատներին, այնպես էլ ընկերություններին։ Սակայն, ես վստահ եմ, որ ընկերություններին վերաբերվող սոցիալական պատասխանատվությունը կազմված է բացառապես ընկերությունում աշխատող անհատների պատասխանատվության զգացման մակարդակից։ Որպես անհատ՝ չեք կարող բողոքել, որ ձեր ընկերությունը ոչինչ չի անում։ Դրա փոխարեն ինքներդ նախաձեռնեք ձեր պատասխանատվության կատարումը։ Չեմ կարող նաև չնշել, որ ընկերության տնօրենն ունի պատասխանատվություն՝ կազմակերպելու սոցիալական միտում ունեցող նախագծեր։
Սոցիալապես պատասխանատու լինել նշանակում է սեփական բարիքները կիսել հասարակության հետ։ Դա կարող է դրսևորվել շատ տարբեր ձևերով։ Սակայն, իմ համոզմամբ այն պետք է դրսևորվի ո՛չ թե ուրիշների պատասխանատվությունը քո վրա վերցնելով, այլ ուրիշների համար հնարավորությունների ստեղծմամբ։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ չպետք է կենտրոնանալ որևէ լոկալ խնդրի վրա։ Անտուն մարդն ունի սեփական պատասխանատվությունը՝ կառուցելու կամ գնելու տուն, աղքատն ունի իր պատասխանատվությունը՝ վաստակելու իր սնունդը։ Գուցե իմ խոսքերն առաջին հայացքից դաժան թվան, սակայն հիշե՛ք՝ արագ ստացված բարիքները շատ արագ էլ կորցնում են իրենց արժեքը։ Եթե դուք նվիրեք բնակարան տուն չունեցող մարդուն, նա առաջին իսկ խնդրի ժամանակ կվաճառի այդ տունը և կրկին կդառնա անտուն։ ԱՄՆ-ում արված մի ուսումնասիրություն ցույց է տալիս, որ աղքատներն իրենց տրված դրամային միջոցները 95% դեպքերում չեն ծախսում այնպես, որ մի քանի օրից կրկին աղքատների սոցիալական դասում չլինեն՝ անկախ տրվող դրամի չափից։ Բա էտ դեպքում ի՞նչ անել։
Ստեղծի’ր հնարարվորություններ
Եթե ուզում ես իսկապես օգնել մարդկանց, ուրեմն ստեղծի՛ր պայմաններ, երբ մարդիկ իրենք կկարողանան օգնել իրենց։ Այլ կերպ ասած՝ ստեղծի՛ր հնարարվորություններ։ Ոմանք գուցե պնդեն, թե սա պետության գործառույթն է։ Ե՛վ համաձայն եմ, և՛ ոչ։ Համաձայն եմ, որովհետև մենք վճարում ենք հարկեր, որպեսզի ստանանք բազմաթիվ առավելություններ։ Սակայն, միևնույն ժամանակ համաձայն չեմ, որովհետև պետությունը բազմաթիվ բաներ անում է՝ սկսած հիմնական, անվճար կրթությունից, վերջացրած անվճար անվտանգության ծառայություններից (չեմ քննարկում որակը, քանի որ հոդվածը գրված է աբստրակտ պայմանների համար։) Այս պայմանների ստեղծման գործում մաս ունենք յուրաքանչյուրս։
Մի պահ հիշիր՝ ինչպես ես դու դարձել պրոֆեսիոնալ։ Ես պատմեմ իմ պատմությունը, իսկ դու փորձիր մտածել՝ արդյոք կա՞ն նմանություններ քո պատմության հետ։ Երբ 15 տարեկան էի ու սովորում էի դպրոցում, ես զբաղեցնում էի մասնագիտական առարկաների ուսուցիչներիս ուշադրության մեծ մասը։ Իհարկե լավ էի սովորում, սակայն իմ ակտիվության հաշվին ավելի շատ ուշադրություն և գիտելիք էի ստանում։ Ես երբեք չէի ամաչում իմ հարցերբ ավելի շատ բարձրաձայնել։ Չնայած բոլորս մի սենյակում էինք, սակայն ավելի հաճախ քննարկվում էին հարցերը, որոնք ես էի տալիս։
Դպրոցն ավարտելուց քիչ առաջ ընդունվեցի ԹՈՒՄՈ։ Այնտեղ հաճախում էի շաբաթը մեկ կամ երկու օր՝ երկու ժամով։ Այդ երկու ժամի մոտ 30%-ը սովորում էի։ Մնացած ժամանակն անցկացնում էի մարզիչների հետ շփվելով։ Կային մարզիչներ, ում սիրելի աշակերտն էի։ Ես, կարծես, երբեք չէի ամաչում ուշադրություն պահանջել։ Այդ մարզիչները կարող էին օգնել մյուս երեխաներին, սակայն շփվում էին ինձ հետ։ Արդյունքում ես բավականին բաներ էի իրենցից սովորում։
Անցավ ևս որոշ ժամանակ, դպրոցն ավարտել էի արդեն, ստեղծել էի իմ առաջին բիզնեսը։ Ծանոթացել էի երկու ձեռներեցության հարցերով խորհրդատուների հետ ու շատ էի շփվում նրանց հետ։ Երբեմն զզվացնելու աստիճան խանգարում էի իմ հարցերով։ Այս մարդիկ կարող էին երեք-չորս երիտասարդների հետ շփվել ու օգնել, որ դառնան լավ ձեռներեց, սակայն ես չափազանց խանդոտ էի, որպեսզի նրանց շրջապատ ուրիշ երիտասարդ թողնեի։ Ես ակտիվորեն խժռում էի այս մարդկանց ժամանակը։
Սրան զուգահեռ զարգացնում էի ծրագրավորման գիտելիքներս ու ինձ պետք էին ավագ ընկերներ, որոնք պատրաստ կլինեին ինձ օգնել առաջ գնալ ինդուստրիայում։ Ու իմ «զոհը» դարձան երկու մեծ ընկերությունների ավագ տեխնիկական մասնագետներ։ Երբեմն գիշերը ուշ զանգում, խանգարում էի իրենց, որպեսզի օգնեն իմ խնդիրները լուծել, միշտ նրանց շուրջ էի պտտվում ու ներծծում ամեն մի բառ, որը դուրս էր գալիս նրանց բերանից։ Այս մարդիկ էլ կարող էին մեկ֊երկու հոգի ավելի մարդկանց մենթորություն անել, եթե չլինեի ես, բայց 《աղետը》 հասել էր իրենց։
Այս բոլոր մարդիկ փաստացի ստեղծել են ինձ համար հնարարվորություններ, որոնք առանց իրենց ես չէի ունենա, իսկ ես իմ հերթին օգտվել եմ այդ հնարարվորություններից։ Նրանք ունեցել են մեծ սոցիալական պատասխանատվություն, հակառակ դեպքում իմ ձեռքը չէին դիմանա։ Արդյունքում ունենք ձեռներեց, ով կառավարում է կայացած ընկերություն, պրոֆեսիոնալ մասնագետ, ով ուրիշներին է դասավանդում և ինքն է փնտրում՝ ինչպես իր գիտելիքները փոխանցի հաջորդ սերնդին։
Բայց ուզում եմ՝ հիմա նայեք այս պատմությանը մի փոքր այլ տեսանկյունից։ Բոլոր իրավիճակները նկարագրելիս ես հստակ ցույց տվեցի, որ գողացել եմ այն, ինչ պատկանում էր ուրիշներին՝ գողացել եմ իրենց պատկանող ժամանակը։ Որոշակի առումով կարելի է ասել, որ ես խլել եմ մյուսների հնարավորությունները։ Մենք կարող էինք լինել երեք-չորս միջակներ բայց ես ամբողջը ինձ եմ վերցրել ու դարձել առաջատար։ Ես հասարակության բանկից գողություն եմ արել։ Այն ժամանակ ես ոչինչ չունեի ու չէի կարող ոչինչ վերադարձնել սակայն հիմա ունեմ։ Ու եկել է ժամանակը, որ վերադարձնեմ այն, ինչ գողացել եմ։
Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն ունի նմանատիպ պատմություն։ Հիշի՛ր՝ դու ի՞նչ ես գողացել, ինչի՞ միջոցով ես հաջողակ դարձել ու կհասկանաս, թե ինչ պետք է վերադարձնես։
Կորպորատիվը և սոցիալականը
Եթե անձնական մակարդակում հասկանում ենք՝ ինչպես է առաջանում սոցիալական պատասխանատվությունը և ինչպես կրել այն, ապա կորպորատիվ սեգմենտի համար մի փոքր բարդ է։ Հա՞ որ։ Միջազգային ստատիստիկան ցույց է տալիս, որ 10 ընկերություններից միայն 1-ն է հաջողում։ Ձեր ընկերության գոյությունը հնարավոր դարձավ միայն 9 այլ ընկերությունների ձախողմամբ։ Իսկ այդ ընկերություններում աշխատում էին մարդիկ, որոնք ունեն կարիքներ։ Ուրեմն ընկերության պատասխանատվություն էլ ծնվում է այն 9-ը ընկերությունների նկատմամբ, որոնք ձախողվեցին։
Բացի այս՝ հիշե՛ք, որ ընկերությունը հաջողակ է միայն առողջ միջավայրում։ Եթե դուք լինեք միակ առողջ ընկերությունը միջավայրում, տնտեսության մեջ, շնորհավորում եմ՝ ձեր առողջ մնալուն հաշված օրեր են մնացել։ Ուստի ընկերությանը նույնպես չափազանց ձեռնատու է ներդրում անել տվյալ ոլորտում, որպեսզի ապահովի առողջ միջավայր։
Ինչպիսի՞ նախագծեր կարող է իրականացնել ընկերությունը։ Օրինակ՝ կարող է ֆինանսավորել տեղական համալսարանների, հասարակական կազմակերպությունների, որոնք աշխատում են տվյալ ոլորտում կամ իրականացնել իր նախագծերը՝ միտված հնարարվորությունների ստեղծմանը։ Համալսարանի այն ֆակուլտետը, որտեղ դասավանդվում է այն ոլորտը, որում աշխատում է տվյալ ընկերությունը, կարող է լինել լավագույն ներդրումների վայրը։ Առաջարկի՛ր ֆակուլտետին վճարել մեկ դասախոսի աշխատավարձ և սահմանի՛ր սեփական պահանջները՝ ինչ որակավորում պետք է ունենա տվյալ մասնագետը։ Կամ գտի՛ր հասարակական կազմակերպություն, որը վերապատրաստում է ձեր ոլորտում աշխատող մասնագետների կամ օգնում սկսնակների զարգացնել հմտություններ։ Համատեղ իրականացրեք որևէ նախագիծ, որն օգտակար կլինի ամբողջ համայնքի համար։
Իդեպ .NET Community Armenia-ն այն ՀԿ-ն է, որը զբաղվում է Microsoft-ի տեխնոլոգիաներով աշխատող ծրագրավորողների համար նախատեսված միջոցառումների և կրթական նյութերի ստեղծմամբ։ Եթե ձեր ընկերությունն աշխատում է Microsoft տեխնոլոգիաներով, ապա անպայման կապվի՛ր ինձ հետ և մենք մեծ սիրով համատեղ նախագիծ կանենք։
Սոցիալական պատասխանատվության վատագույն կիրառումները
Կան մի քանի սկզբունքներ, որոնց անպայման պետք է հետևել, երբ որևէ սոցիալական նախագիծ եք անում կամ մասնակցում։ Ստորև կներկայացնեմ այդ սկզբունքները։
- Սոցիալական նախագծերը չպետք է հանձնարարել մարկետինգային թիմին։ Իհարկե, կարելի է գովազդել ձեր արած նախագծերը, բայց չպետք է այն հանձնարարել մարկետինգի թիմին։ Մարկետինգի թիմը միտված է անել այնպիսի նախագծեր, որոնք մարդկանց աչքին հաճելի կլինեն։ Եթե իսկապես ուզում եք ստանձնել սոցիալական պատասխանատվություն, ապա փորձեք անել նախագծեր անկախ դրանց մարկետինգային արժեքից։
- Հիշե՛ք՝ նախագծում ամենակարևորը նոր հնարարվորություններն են, ո՛չ թե դուք։ Ուստի մի՛ փորձեք ամեն կերպ ձեզ կամ ձեր թիմին առաջին տեղում դնել։ Օրինակ եթե որոշել եք ֆինանսավորել որևէ համալսարանի դասախոսի, ապա մի՛ պարտադրեք որ դասախոսը լինի ձեր ընկերության ներկայացուցիչ։ Հիշեք սոցիալական նախագիծը արդյունքի ուղիղ վերադարձ չպետք է անի։ Այն միտված է առողջ միջավայրի ձևավորմանը։
- Փորձեք հասկանալ, թե ձեր ոլորտը որտեղ խնդիրներ ունի։ Փոխանակ կենտրոնանալու ձեր ընկերության խնդիրների վրա՝ փորձեք հասկանալ թե ինչն է պակասում ձեզ՝ որպես ինդուստրիա։ Կարող եք մտածել՝ ի՞նչ կփոխեիք ձեր մրցակիցների և գործընկերների մեջ։
- Սոցիալական նախաձեռնությունների մասնակցությունը պետք է կամավոր լինի։ Ձեր ընկերությունում ոչ ոքի մի՛ ստիպեք, որ մասնակցի սոցիալական նախագծերին, որոնք կազմակերպում եք։ Հիշեք՝ ձեզ ոչ թե քանակ է պետք' այլ որակ։ Ներկայացրեք այն ինչ պատրաստվում եք անել, ապա բացատրեքք ինչու է դա կարևոր։ Թողեք որ սոցիալական պատասխանատվության մշակույթը զարգանա ձեր թիմում բնական ճանապարհով։
- Պարգևատրե՛ք ակտիվիստ աշխատակիցներին, բայց ոչ ֆինանսապես։ Ֆինանասական արդյունքը բարոյազրկում է սոցիալական նախագծերը և դարձնում դրանք փող աշխատելու միջոց։ Փոխանակ սրա հորինեք պարգևատրման այլ մեթոդներ։ Օրինակ աշխատանքի ընտրության հարցում ազատություն կամ հատուկ բեյջեր։
Ինչպես եմ ես անում
Իսկ արդյո՞ք ես ունեմ խոսքի ազատություն։ Արդյո՞ք անում եմ սոցիալական նախագծեր։ Այո՛, անում եմ ու դրանք հիմնականում կրթական ոլորտի են։ Նախ ասեմ, որ հանդիսանում եմ երկու հասարակական կազմակերպության ղեկավար կազմում իսկ մեկի հիմնադիրներից եմ։ Ես ակտիվորեն տրամադրում եմ իմ ժամանակը սոցցանցերում ոլորտի նորեկների հարցերին պատասխանելու համար։ Ընկերության ներսում հաճախ ունենում ենք «ինտերնշիփեր», որոնք իրականում անվճար դասընթացներ են՝ նախատեսված ցանկացած մարդու համար, ով ունի ցանկություն։ Ու հիմա էլ ցանկանում եմ հայտարարել նոր նախագծի մասին։
Հունիսի 1-ից սկսած՝ մենք սկսում ենք հերթական այսպիսի «ինտերնշիփ»։ Մեր ընկերությունը սկսում է իր տրանսֆորմացիայի վերջին փուլը ամպային տեխնոլոգիաների պրովայդրից անցում դեպի պրոդուկտիվության պրովայդրի։ Ու քանի որ Հայաստանում եզակի թվով պրոդուկտիվության մասնագետներ կան, մենք որոշել ենք հայտարարենք կես տարի տևող դասընթաց-ինտերնշիփ։ Այդ կես տարվա ընթացքում մենք կուսումնասիրենք՝ ինչ է պրոդուկտիվությունը, ինչպես է այն չափվում և ինչպես կարելի է օգնել ընկերությանը դառնալ ավելի պրոդուկտիվ։ Ուսումնասիրելու ենք նյութեր, որոնք ուրիշ ոչ մի տեղ ձեզ չեն սովորեցնի։ Ինտերնշիփի ավարտին ձեզ կտրվի մասնակցության սերտիֆիկատ և եթե ամենինչ լավ եք արել, աշխատանք։ Տվյալ ինտերնշիփը ֆուլ-թայմ չէ, ինչը նշանակում է, որ կարող եք համատեղել ձեր աշխատանքի հետ։ Մանրամասների ու դիմելու համար այցելեք նախագծի էջ։
Ամփոփում
Երկար ստացվեց այս հոդվածս, սակայն հուսով եմ, որ այն ձեզ համար օգտակար եղավ։ Սոցիալական պատասխանատվությունն անհրաժեշտություն է հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար։ Եթե ցանկանում եք մրցակցել մեծ ընկերությունների հետ, ուրեմն պետք է կանգնած լինեք ձեր համայնքի կողքին՝ որպես այդ համայնքի առաջնորդներ, բայց ոչ թե որպես բիզնես շահ ունեցողներ, այլ որպես ոլորտի իսկական էնտուզիաստներ։ Եթե հավանեցիր հոդվածս, անպայման կիսվի՛ր սոցցանցերում այս գրառմամբ։ Թող բոլոր ընկերներդ իմանան՝ ինչու է կարևոր ունենալ սոցիալական պատասխանատվության զգացում։հոդվածս անպայման կիսվի սոց ցանցերում այս գրառմամբ։ Թող բոլոր ընկերներդ իմանան ինչու է կարևոր ունենալ սոցիալական պատասխանատվության զգացում։